Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Եգիպտոս՝ դա վերաբերում է նաև մեզ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Եգիպտոս՝ դա վերաբերում է նաև մեզ
29.04.2017 | 14:40

Աջակցել արևելյան քրիստոնյաներին՝ առանց վնասելու մուսուլմանների հետ երկխոսությանը և Եգիպտոսի իշխանությունների հետ վեճերի՝ սա է Ֆրանցիսկոս պապի ապրիլի 28- 29-ին Կահիրե այցի գլխավոր նպատակը: Այցից առաջ եգիպտացիներին տեսաուղերձում կաթոլիկ աշխարհի հովվապետն իրեն անվանել է «բարեկամ, խաղաղության դեսպանորդ և ուխտավոր» երկրում, որտեղ «գթառատ և բարեսիրտ Աստված՝ ամենակարող ու միասնական, լսելի է դարձրել իր ձայնը»: Ձևակերպումներն ընտրված են՝ մուսուլման հավատացյալներին հասկանալի լինելու համար: Այցը կատարվում է Ալեքսանդրիայի ու Տանտայի ղպտի եկեղեցիներում ահաբեկչություններից երեք շաբաթ անց: Պատասխանատվությունը ապրիլի 9-ի պայթյունների, որ 46 զոհ ունեցան, ստանձնել է ԻՊ-ը: ՈՒրբաթ օրը պոնտիֆիկոսը ղպտի պատրիարք Թեոդորոս II-ի հետ (Հռոմի պապը Վատիկանում նրան ընդունեց 2013-ի մայիսին) եղավ Սուրբ Պետրոսի տաճարում, որը ևս ԻՊ-ի ահաբեկչության թիրախ է եղել՝ անցյալ տարի դեկտեմբերի 11-ին (29 զոհ): Նրանք աղոթեցին «անցած տարիներին ու ամիսներին բոլոր զոհվածների, բոլոր սպանված քրիստոնյաների համար»՝ ասել է Վատիկանի մամլո քարտուղար Գրեգ Բերկը:


Ղպտիները, որոնց փոքրամասնությունը կաթոլիկներ են (250 հազարը 8-10 միլիոնից) ամենամեծ քրիստոնեական խումբն են Մերձավոր Արևելքում: Նրանց միջոցով է պապը դիմելու քրիստոնեական բոլոր համայնքներին՝ չկարողանալով Իրաք մեկնել, որ ցանկանում էր 2014-ին: «Ես ուզում եմ, որ այդ այցը մխիթարություն ու ոգևորություն բերի Մերձավոր Արևելքի բոլոր քրիստոնյաներին, դառնա բարեկամության ու հարգանքի ուղերձ Եգիպտոսի ու տարածաշրջանի բոլոր բնակիչներին, եղբայրության և հաշտության ուղերձ Աբրահամի բոլոր որդիներին, մասնավորապես իսլամական աշխարհում»՝ ասել է պապը իր տեսաուղերձում: Սուրբ Աթոռի համար ղպտիներին աջակցությունը ծանր հիշողությունների հետ է կապված: 2011-ին Բենեդիկտոս XVI-ը հարուցեց Եգիպտոսի կառավարության զայրույթը՝ կոչ անելով պաշտպանել քրիստոնյաներին Ալեքսանդրիայի եկեղեցում ահաբեկչությունից հետո: Կահիրեն համարեց, որ իրեն հրահանգներ են տրվում ու Վատիկանից հետ կանչեց դեսպանին: Այդ միջադեպը սրեց մուսուլմանական աշխարհի հետ ճգնաժամը, որ սկսվել էր հինգ տարի առաջ, երբ պապը ոմանց կարծիքով զուգահեռ էր անցկացրել իսլամի ու Ռեգենսբուրգի համալասարանում բռնության միջև 2006-ի սեպտեմբերին:


2011-ին Ալ Ազխար համալսարանը սառեցրեց հարաբերությունները Վատիկանի հետ: Այդ ժամանակներից Սուրբ Աթոռի փոխգործակցությունը սուննի իսլամի այդ նշանակալից ինստիտուտի հետ, այնուամենայնիվ, կարգավորվել է (Հովհաննես-Պողոս II Ալ Ազխարում եղավ 2000-ին Եգիպտոս այցի ժամանակ): Մուսուլմանական աշխարհում ճգնաժամերի ճնշման տակ և սեփական ցանկությամբ Ֆրանցիսկոս պապը մի կողմ դրեց Բենեդիկտոս XVI-ի անվստահությունը և անցավ միջկրոնական երկխոսության՝ Ալ Ազխարը դարձնելով իր առանցքային գործընկերներից մեկը: 2014-ին մեծ իմամ Ահմեդ ալ Թայիբը համալսարանում անցկացրեց Հռոմի նախաձեռած միջազգային համաժողովը էքստրեմիզմի ու ահաբեկչության դեմ պայքարի հարցով: Իսկական հալոցքը հարաբերություններում սկսվեց 2016-ի մայիսին, երբ իմամն այցելեց Վատիկան: Հարաբերությունների բարելավումը ամրապնդվեց փետրվարի 22- 23-ին Կահիրեում անցկացված սեմինարով՝ Ալ Ազխարի ու Վատիկանի դերը ֆանատիզմի, էքստրեմիզմի ու բռնության դեմ պայքարում թեմայով՝ միջկրոնական երկխոսության պատասխանատու կարդինալ Ժան-Լուի Տորանի մասնակցությամբ: Մի քանի օր անց համալսարանը միջազգային համաժողով անցկացրեց «Ազատությունը և քաղաքացիությունը, բազմազանություն և փոխլրացում» թեմայով՝ ամբողջ արաբական աշխարհից քրիստոնյաների ու մուսուլմանների մասնակցությամբ: Իմամ Ահմեդ ալ Թայիբը անաքրոնիզմ անվանեց «զիմի» հասկացությունը՝ մուսուլմանների և ոչմուսուլմանների անհավասարությունը քաղաքացիական իրավունքների մեջ: «Բոլոր քաղաքացիները հավասար են, քրիստոնյաները չեն կարող համարվել փոքրամասնություն, որի հետ կապված են բացասական արձանագրումներ»՝ ասաց մեծ իմամը: Ֆրանցիսկոս պապը ելույթ կունենա խաղաղության միջազգային համաժողովում, որ կազմակերպել է Ալ Ազխար համալսարանը: Համաժողովին մասնակցում են կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչներ, որ նախօրեին քննարկել են «խաղաղության խոչընդոտները» և «կրոնական տեքստերի ոչ ճիշտ մեկնաբանություններն ու դրանց ազդեցությունը ամբողջ աշխարհի խաղաղության վրա»: «Մեր աշխարհը՝ բզկտված կույր բռնություններով, խաղաղապահների կարիք ունի, նաև ազատ մարդկանց ու ազատարարների»՝ հայտարարեց պապը: Նրա խոսքով՝ 2014-ին Թուրքիա այցի ժամանակ ինքն ասել է նախագահ Էրդողանին. «Հրաշալի կլիներ, եթե մուսուլման բոլոր ղեկավարները քաղաքականության, կրոնի, գիտության մեջ բաց ու հստակ դատապարտեին ահաբեկչությունները»: Ալ Ազխարում հանդիպումը դառնում է այդ կոչի շարունակություն: «Այսօր պետք է գտնել միջկրոնական երկխոսության մի քանի ճանապարհներ,- կարծում է Փարիզի կաթոլիկ ինստիտուտի ռեկտոր Ֆիլիպ Բորդեյնը, որ 2016-ի մայիսին համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ալ Ազխար համալսարանի հետ:- Ակադեմիական միջավայրը թույլ է տալիս առաջադիմության հասնել: Մենք օգնում ենք Ալ Ազխարի մեր գործընկերներին գնալ իրենց ճանապարհով, որ այնքան էլ հեշտ չէ»:
Սեսիլ ՇԱՄԲՐՈ, Le Monde


Հ.Գ. Գուցե ոմանք կարդան ու հարցնեն՝ մեզ ի՞նչ, թե Վատիկանը բանակցում է Ալ Ազխարի հետ ու փորձում երկխոսել սուննիների հետ, համատեղ ահաբեկչության դեմ պայքարել, մեզ ի՞նչ, թե Հռոմի պապն ի՞նչ է ասել Էրդողանին կամ Ալ Ազխարի վեհաժողովում: Թող այդպես մտածեն: Իրականում այս ամենն ամենաուղղակի կապ ունի մեզ հետ, որովհետև Հայ առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին ու հայտնի եկեղեցիներից է ու չի կարող անմասն լինել էկումենիկ գործընթացներից: Վաղուց ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցին թոթափի փոքր եկեղեցի լինելու մտայնությունը և իր դարավոր պատմությանն ու կուտակած փորձին, իմաստնությանն արժանի խոսք ասի կրոնական գործերում: Առավել ևս, որ Մերձավոր Արևելքը արաբական աշխարհն է, որտեղ քրիստոնյաները փոքրամասնություն են և հայերը մասն են այդ փոքրամասնության, որտեղ սուննիներն ու շիաները փոխհարաբերություններ են պարզում: Միայն Սիրիայի օրինակը բավարար է հասկանալու համար, որ այս ամենին մենք չենք կարող անմասն մնալ, իսկ եթե մնում ենք, ստացվում է այնպիսի պատմություն, ինչպես Պոլսի Հայոց պատրիարքարանում՝ հայ համայնքը պատրիարքական նոր փոխանորդ է ընտրում, նրան շնորհավորում է Ամենայն հայոց կաթողիկոսը, իսկ հինը մնում է ու պաշտոնավարում՝ իբրև հավաստիք, որ ինքն էլ կընտրվի Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք: Հակառակ համայնքի կամքի: Համենայն դեպս՝ մեծամասնության: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը ժամանակակից Թուրքիայում ապրող հայերի պաշտպանն ու պատվարը, հայապահպանության հենարանը պիտի լինի, ոչ թե Էրդողանի կամքի մունետիկը, իսկ դրա համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները: Չհայտարարելով նախապես, այլ՝ գործելով: Չի կարող և չպետք է Հայ առաքելական եկեղեցին միայն համահայաստանյան լինի, երբ գլոբալացված աշխարհում բոլոր մյուս եկեղեցիները ընդգրկված են միջպետական հարաբերություններում: Դա չի նշանակում խառնվել պետության գործերին, դա նշանակում է սեփական հնարավորություններն օգտագործելով անել այն, ինչ պետությունը տարբեր պատճառներով չի կարող ու չի կարողանում: Իսկ սեփական հնարավորությունները բազմապատկվում են քույր եկեղեցիների հետ սերտ կապերի ու միջկրոնական երկխոսության շնորհիվ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ